Ամենայն Հայոց Հայրապետը <<Ս. Ներսես Շնորհալի>> շքանշանի արժանացրեց Հայոց բանակի զինվորականներին
Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:
Սուրբ Պատարագի արարողությունից հետո եկեղեցականների թափորը Վեհափառ Հայրապետին և ՀՀ Պաշտպանության նախարարին առաջնորդեց Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճ, ուր տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:
Ընդունելությանը Հայոց բանակի բարձրաստիճան սպայական կազմին իր հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: <<Հայցում ենք, որ Տերն օգնական լինի ձեզ, զորացնի ծառայության մեջ, որպեսզի միշտ բարձր պահեք Հայոց բանակի անունը և առաջնորդեք նորանոր հաղթանակների: Թող այսօր Հայոց բանակի պահապան հռչակված Ս. Խաչի օրհնությունը տարածվի յուրաքանչյուր զինվորի ու հրամանատարի վրա, զորացնի, արիացնի և պահապան լինի նրանց` դարձնելով անխոցելի>>, - մաղթեց Նորին Սրբությունը:
Այնուհետև, միջնորդությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու <<Ս. Ներսես Շնորհալի>> պատվո բարձր շքանշան հանձնեց գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանին, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, գնդապետ Սուրեն Հարությունյանին և ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանին:
Տոնի առիթով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը <<ՀՀ Զինված Ուժեր 20 Տարի>> հոբելյանական մեդալ հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:
Ապա ընդունելության համար Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց և տոնի առիթով շնորհավորեց ՀՀ Պաշտպանության նախարարը: Պրն. Օհանյանը բարձր գնահատեց հոգևոր սպասավորության դերը հայ ժողովրդի գոյության պահպանման գործում: <<Խորհրդանշող պահ ապրեցինք` ստանալով խաչը որպես ուղղորդող Զինված ուժերի և անձնակազմի համար>>, - ասաց պրն. Օհանյանը: Անդրադառնալով Աշոտ Բ Երկաթ թագավորի կերպարին և գործունեությանը` նա կոչ արեց նմանվել նախնիներին, ովքեր իրենց հմուտ քաղաքականության շնորհիվ խոշոր հաղթանակներ են ապահովել հայ ժողովրդին: ՀՀ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց նաև, որ Տիրոջ խաչափայտի մասունքը կրող նորաօծ Ս. Խաչը կանցկացվի բոլոր զորամասերով և ՀՀ սահմաններով, որպեսզի հայ զինվորը հնարավորություն ունենա հաղորդ դառնալ Ս. Նշանի օրհնաբեր զորությանը: